ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։
Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը:
Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող:
Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում:
Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,-նշել է պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







