«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։ Բայց այս շահերի համընկնումը միանգամայն հասկանալի է, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն է նման քաղաքական որոշում կայացրել՝ միանալ Մարությանին գահընկեց անելու գործընթացին, չնայած ԲՀԿ խմբակցությունում ոմանք դեմ են դրան։ Իսկ Ծառուկյանի որոշման պատճառը շատ պարզ է՝ Կարգին Հայկոն, իր քաղաքապետ դարձած օրվանից, Ծառուկյանի, նրա նախաձեռնությունների դեմ քայլեր է անում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Երեւանի համայնքապետի ընտրություներին դեռ տարիուկես ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են քաղաքապետի թեկնածուների անուններ շրջանառել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ: Քաղաքապետի ընտրության մասին խոսակցություններն ակտիվացել են նաեւ Հայկ Մարությանի նկատմամբ իշխանության կողմից սկսված անվստահության գործընթացից հետո: Թե ով կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ապագա ընտրությունների ժամանակ, հստակ չէ։ Անհայտ է նաեւ, թե հետագայի համար ինչ ծրագրեր ունի Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, երեկ անցնելով լրագրողների համար նախատեսված փոքրիկ ֆոյեով, ետ է դարձել՝ լուսանկարել նստած օպերատորներին, ապա հրահանգել է ԱԺ աշխատակիցներին՝ ֆոյեից հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները։ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել այդ քայլը։ Նա ասաց, որ «օպերատորները ոչ պատշաճ ձեւով են նստած եղել աթոռներին, այդ պատճառով էլ հանվել են»։ Ի՞նչ նկատի ունեք՝ ոչ պատշաճ ասելով։ Խաչատրյանն ասաց, որ չի կարող նկարագրել, հավելեց, որ օպերատորների խնդրանքով հանդիպում է կայացել ԱԺ նախագահի հետ, ներողություն են խնդրել, եւ աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը։ Մնում է, որ ԱԺ նախագահը նույնքան ուշադիր լինի ԱԺ դահլիճում նստողների նկատմամբ, որոնք փռվում են աթոռներին եւ քացի են տալիս գործընկերներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է: Ի դեպ, Armlur.am-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում: Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է»։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, եւ ներկայացնել որպես հավատարմության ապացույց։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս 6 ամիս առաջ Փաշինյանը, Հայկ Մարությանին կառավարական առանձնատանն ընդունելով, ասել է, որ մինչեւ դեկտեմբեր ժամանակ է տալիս՝ «հարթելու թիմի հետ խզած հարաբերությունները, վերականգնելու անդամությունը ՔՊ-ին, հրապարակային աջակցություն հայտնելու իշխանությանը եւ այլն»։ Բայց Մարությանն անգամ հունիսի 20-ից հետո չի ենթարկվել։ Հիմա Փաշինյանի համբերությունը սպառվել է․ նա նախ հոդված հրապարակեց Մարությանի դեմ, ապա հրահանգեց գործընթաց սկսել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







