Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակը ձեռնտու կլիներ Ադրբեջանի համար։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում կայացած խորհրդաժողովի շրջանակներում:
«Այդ կարգավիճակն իսկապես հնարավորություն է տալիս դիտորդ երկրին ավելի տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանում շատ քչերը գիտեն ԵՏՄ-ի մասին։ Բնակչության մոտավորապես 30-40 տոկոսը չգիտի, թե ինչ է դա։ Իհարկե, անհրաժեշտ է բարձրացնել իրազեկության մակարդակը, և նման աշխատանքի ձևը, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակը: Այդ կարգավիճակի շրջանակներում դիտորդ երկիրը կարող է մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, ստանալ ամբողջ փաստաթղթերը, տեսնել, թե ներսից ինչպես է աշխատում կազմակերպությունը։ Նա իրավունք ունի այդ կազմակերպությանը կից ունենալ իր ներկայացուցիչները։ Երբ ավելի շատ գիտես, կարող ես ավելի շատ օգուտներ ստանալ համագործակցությունից։ Դրա համար էլ դա ձեռնտու է նաև Ադրբեջանի համար»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոյեմբերի 10-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել էր Ադրբեջանին ԵՏՄ հրավիրել դիտորդի կարգավիճակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







