ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենային:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Կառավարության կողմից նման խոշոր գնում անելու հրատապությունը, ԱԺ նախագահը նշել է, որ հարցի մեջ մի քանի սխալ կար, կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում։ Ազգային ժողովն ունի իր բյուջեն և իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։ Որպես օրինակ՝ նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեքենաները պետք էր շատ վաղուց փոխել։
«Եվ ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ու ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։ Շարունակելով թեման՝ օրենսդիր մարմնի նախագահն ասել է, որ Հայաստանում առկա ներկայացուցչական դասի մեքենա գնելու որոշում է կայացվել:
«Ինչո՞ւ ներկայացուցչական դասի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ, մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետությունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն գումար։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը։
Մեկնաբանի ճշտող հարցին, թե կարելի՞ է հետևություն անել, որ աղմուկը մեծամասամբ ուռճացված է և ուղղորդված՝ բանախոսը պատասխանել է. «Ես հայտարարում եմ, որ ուռճացված աղմուկ է: Վստահ եմ, որ այն կապված է իմ գործունեության հետ, նույնիսկ իմ այցերի հետ, իմ անվան և ազգանվան հետ, որն այցելություններ է ապահովում»։
Նա շեշտել է, որ Կառավարությունը գումար չի հատկացրել, և մեքենան ոչ թե իր, այլ պետության մեքենան է։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է, հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավելի տոկոսով կրճատվել են․ «Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, և այդ փոփոխություների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







