Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և ՎԶԵԲ-ի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը։ Փաստաթղթի ստորագրմամբ որոշվեց 100 հատ 12 մետրանոց ավտոբուս բերել Երևան, որոնք կծառայեն Երևանի հանրային տրանսպորտի ցանցի շրջանակում։
Հարցը կառավարությանը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ բոլոր 840 ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո։
«Երկու համաձայնագրեր են ստորագրվելու, մեկը` վարկային, որը կնքվում է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև, խոսքը 20 մլն եվրոյի մասին է՝ 15 տարի ժամկետով։ Եվ երկրորդ համաձայնագիրը դրամաշնորհային է, որը կնքվում է ՎԶԵԲ-ի, ՀՀ-ի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ միջև»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ ասաց, որ մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա Երևանում։ Փաշինյանն ասաց, որ 10 տարի հետո Երևանի ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները հնանում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի ու ավտոբուսներ ձեռք բերի։
Վարչապետի խոսքով՝ հարցը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան գործուն համակարգ ստեղծելու համար, որպեսզի չստացվի, որ անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտ գնենք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







