Արցախցիների սոցիալական ապահովումը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում։ Մենք մշտապես կապի մեջ ենք ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի մեր գործընկերների հետ։ Այս մասին ԱԺ-Կաառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե ի՞նչ նոր սոցաջակցություններ կհատկացվեն Արցախին։
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա կառավարության նիստի ժամանակ ընդունվեց նոր աջակցության ծրագիր, որով նախատեսվում է առաջին և երկրորդ խմբի հաշանդամություն ունեցողներին 50 000-ական, իսկ կենսաթոշակառուներին և մնացած տեղահանվածներին 25 000-ական դրամ տրամադրել։ Նախագիծը կօգնի մինչև դեկտեմբեր մեղմել քաղաքացիների բեռը։
Նախարար Մկրտչյանի խոսքով՝ հետպատերազմյան իրավիճակը մեղմելու համար իրականացվել է ավելի քան 20 միջոցառում, որոնց շահառուներն ամենատարբեր սոցիալական խմբերի մարդիկ են։ Ընդհանուր առմամբ Հայաստանն Արցախի կառավարությանն ավելի քան 40 միլիարդ դրամի բյուջետային վարկ է տրամադրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







