Իրանը թույլ չի տա որոշ պետությունների ազդել Երևանի հետ Թեհրանի հարաբերությունների վրա: Այս մասին երկուշաբթի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Այսօր մենք պայմանավորվեցինք զարգացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում: Հայկական տարանցիկ ուղով առևտուրն ու շահագործումը երկու երկրների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են:
Մենք բացահայտել ենք մի գործընթաց, որը կվերակենդանացնի երկու երկրների տարանցիկ ճանապարհներն ու երթուղիները: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք երկու երկրների հարաբերությունների մեջ կտեսնենք մեծ աշխուժություն:
Մեր տարածաշրջանը և մեր հյուսիսային հարևանները սարսափելի վիճակում են, հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների ու ահաբեկիչների առկայության պատճառով: Մենք թույլ չենք տա, որ որոշ օտար պետություննենր ազդեն Իրանի հարևանների, ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Մեր տարածաշրջանը ոչ մի կերպ չի հանդուրժի նոր ավելորդ պահանջներ: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծի բնակչությունը`առանց որևէ արտաքին միջամտության», — ընդգծել է Աբդոլլահիանը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում:
«Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև այլ երկրների վարձկաններ։ Ադրբեջանը պարտավոր էր ազատ արձակել հայազգի գերեվարված քաղաքացիներին, սակայն դա դեռ չի արվել: Այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծվի: Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերականգնման վերաբերյալ մենք պետք է բանակցություններ և քննարկումներ անցկացնենք Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ: Հայաստանը հայտարարում է հաղորդակցության վերաբացման պատրաստակամության մասին»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







