Թուրքիան և Ռուսաստանը շատ կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասի ապագա զարգացման և կայունության ապահովման գործում, իսպանական EFE գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այո, Թուրքիան մեզ աջակցեց հենց սկզբից (Ղարաբաղի երկրորդ պատերազմում): Մենք շատ շնորհակալ ենք թուրքական կառավարությանը պատերազմի առաջին օրերից քաղաքական և բարոյական աջակցության համար: Այժմ՝ պատերազմի ավարտից հետո, Թուրքիան, այդ թվում նաև Ռուսաստանը, շատ կարևոր դեր են խաղում տարածաշրջանի զարգացման և կայունության համար»,- նշել է Ալիևը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել է:
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և Թուրքիան Աղդամի շրջանում ստեղծել են համատեղ մոնիթորինգի կենտրոն:
«Միաժամանակ, ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում հայ բնակչության բնակության վայրերում խաղաղությունը պահպանելու համար: Այսպիսով, արդեն իսկ ի հայտ են եկել նոր իրողություններ: Յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի այդ իրողությունները»,- ասել է Ալիևը:
«Կարծում եմ, որ այսօր Թուրքիան և Ռուսաստանը, որպես Ադրբեջանի երկու հարևաններ, ի դեպ, երկրներից մեկը Հայաստանի հարևանն է, շատ կարևոր դեր են խաղում կայունության, անվտանգության և ապագա զարգացման գործում: Դուք, հավանաբար, գիտեք, որ վերջերս տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ի թիվս այլ բաների՝ նրանք քննարկել են իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք երկու երկրներից յուրաքանչյուրի դերը գնահատում ենք որպես շատ դրական, կայունացնող: Իմ կարծիքով, սա է տարածաշրջանային համագործակցության նոր բանաձևը»,- ընդգծել է պետության ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







