«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի Արցախի Հանրապետության հոբելյանն էր՝ 30-ամյակը։ Թվում է՝ պետք է մեծ շուքով նշեին, բայց ամեն ինչ անցավ ոչ տոնական մթնոլորտում։ Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ը որեւէ բանով չէր տարբերվում մյուս օրերից, միայն մի քանի տեղ եռագույնն էր ծածանվում, եւ վերջ։ Ոչ մի պաշտոնական միջոցառում, ոչ մի տոնական ծրագիր։ Արցախի իշխանություններն իրենց երկրի անկախության օրն այս տարի որոշել էին «նշել» ընդամենը ԱԺ հատուկ նիստ հրավիրելով, որին ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի առաջին դեմքերը ներկա չէին։ Եթե Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխող վերնախավին Ալիեւն էր «արգելել» ոտք դնել Արցախ, դրա համար էլ ՔՊ-ական «ուսապարկերն» անհեթեթ պատճառաբանություններով փորձում էին բացատրել նրա՝ Արցախ չայցելելը, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պասիվությունն առնվազն տարօրինակ էր։ Նա ընդամենը սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, Հայաստանից ժամանած ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր եւ ծաղիկներ դրել՝ ի հիշատակ արցախյան եւ հայրենական պատերազմներում զոհվածների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։ Նրանց նախորդ օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք Հայաստանում են հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին եւ քննարկումներին մասնակցելու նպատակով։ Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից հետո ներհայաստանյան քաղաքական գործընթացներում, նույնիսկ հասարակական գործունեության առումով որոշակի պասիվություն էր նկատվում ՀՀ-ում գործող՝ արևմտյան ֆինանսավորումներով սնվող ՀԿ-ների, կամ, ինչպես հանրության շրջանակներում է առավելապես հայտնի, սորոսականների մեծ մասի պահվածքում։ Ավելի ստույգ՝ հանրային դաշտում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք իրենց գործը «սուսուփուս» շարունակում են անել: «Թայմ-աուտը», սակայն, երկար չի տևի, քանի որ նրանց հարաբերական լռության հիմնական պատճառը ներքաղաքական դաշտում մինչև ընտրությունները եղած վիճակից բխող սպասումներն էին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սամվել Մայրապետյանի հետ կապված՝ դատախազությունն ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց է սկսել։ Իշխանությունը փորձում է բռնագրավել նրան պատկանող գույքը եւ դա իրականացնում է նրա բացակայության պայմաններում՝ փորձելով հիմնավորել, որ այն ամենը, ինչ ունի Մայրապետյանը եւ նրան փոխկապակցված անձինք, օրինական եկամուտների վրա չեն հիմնված։ Այս գործը գլուխ բերելու համար դատախազությունը հարցումներ է արել բոլոր այն կազմակերպություններին, որտեղ իր կյանքի ընթացքում աշխատել է Մայրապետյանը։ Մասնավորապես, Բժշկական համալսարանում բացել են 70-80-ականների արխիվները, որ պարզեն, թե ինչ պաշտոն է զբաղեցրել նա եւ քանի ռուբլի աշխատավարձ է ստացել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված, երբ նա հարվածել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, քրեական գործ չի հարուցվի։ Ըստ էության, նրանք փորձում են գտնել այնպիսի հիմնավորումներ, որ քրեական գործ չհարուցեն։ Այս ընթացքում, երբ պաշտոնատար անձանց կանչել են հարցաքննությունների, փորձել են անուններ կորզել, բայց շատերը անուններ չեն տվել։ Նախաքննական մարմինը այդ միջադեպով թերեւս քրեական գործ չի հարուցի։ Ամեն դեպքում, գործով նյութերի նախապատրաստման փուլում տրամադրություններն այդպիսին են, իսկ թե արդյունքում ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







