Պատերազմում ադրբեջանական կողմի խոշտանգումները, դաժանությունները ոչ թե պարզապես առանձին զինվորականների արարքներ էին, այլ միասնական քաղաքականութայն մասեր:
ՄԻՊ աշխատակազմը հատուկ ուսումնասիրել է Ալիևի ելույթները, վերլուծել է շուրջ 300 տեսանյութ, թարգմանել ռուսերեն և անգլերեն, դրանք և խոշտանգումների բոլոր տեսանյութերն ուղարկել միջազգային կառույցներին:
«Մենք ցույց ենք տվել, որ դրանք Ադրբեջանի նախագահի խոսքերն են, ցույց ենք տվել, որ դրանք ոգեշնչող նշանակություն ունեին պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի համար»,- ասաց Թաթոյանը:
Նա շեշտեց, որ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է: «Այս խոշտանգումները, դաժանությունները ոչ թե առանձին վերցրած առանձին զինվորականների արարաքներ էին, այլ միասնական քաղաքականության մասեր, որովհետև դրանք հետագայում արժանանում էին մեծագույն գովասանքի Ադրբեջանում, խրախուսվում իշխանությունների, այլ գործիչների կողմից»,- ասաց Թաթոյանը:
Թաթոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի զինված ուժերն արդեն հայտնվել են Հայաստանի սահմաններում՝ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ: Խնդրահարույց է նաև Գեղարքունիքի մարզը: Ցեղասպանական քաղաքականություն է իրականացվում՝ բռնի սպառնալիքի և էթնիկական ատելության հիմքով:
Մինչդեռ միջազգային իրավունքը Ադրբեջանին զրկում է Հայաստանի տարածքի նկատմամբ օրինական իրավունքներից: ՄԻՊ-ն անհանգստություն հայտնեց շարունակական կրակոցների համար, ինչը երկրի քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիք է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







