Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Հարցին՝ ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը, նա նշեց, որ դրանք վերաբերում են թե՛ Ցեղասպանության ճանաչմանը, թե՛ տարածաշրջանային խնդիրներին: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ ներկայիս դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ երկխոսություն չկա:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման քայլերից՝ նա նշեց, որ Արցախյան հիմնախնդրի ու ԼՂ հիմնահարցի կարգավորման առումով Մինսկի խմբից բացի որևէ այլ ձևաչափ այսօր չեն քննակում:
Հարցին՝ եթե այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտաբերի Ցեղասպանություն բառը, այն ի՞նչ կտա դա մեզ՝ Ա. Ադոնցը պատասխանեց.
«Եվ մեկ անգամ ԱՄՆ-ը կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ թե ԱՄՆ-ի կողմից ինչպես են արժեվորվում ֆունդամենտալ արժեքները, մարդու ազատությունները: Բացի այդ, ԱՄՆ-ն օրինակ կծառայի քաղաքակիրթ աշխարհի մնացած երկրներին, որոնք առ այսօր դեռ իրենց դիրքորոշումը չեն հայտնել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






