Ռուսաստանն ու Իրանը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը և տարածաշրջանի երկրների դերն այս գործընթացում:
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք մեզ թույլ են տալիս պահպանել կայուն հրադադարի ռեժիմ: Մենք կարևորեցինք հակամարտության հետևանքների հաղթահարումը և, ընդհանուր առմամբ, նրա երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորումը՝ արդար հիմքի վրա հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների դերը այս գործընթացում»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից լիակատար հրադադարի և ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության, Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով: Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







