Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով նաև քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ։ Ես դեռևս այն ժամանակ ասել էի, որ չեմ հասկանում իմ նկատմամբ մեղադրանքի էությունը։ Ես այն ժամանակ ԳՇ պետ եմ եղել։ Հիշեցնում եմ, որ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին է Պաշտպանության մասին օրենքը փոխվել, և ԳՇ պետը դարձել զորային կառույցի ղեկավար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Սահմանադրական կարգի տապալման գործով անցնողներից մեկը։
«Դատարանը պարտավոր է հաշվի առնել Սահմանադրական դատարանի որոշումը, որով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է Հիմնական օրենքին հակասող ու անվավեր, և դադարեցնել քրեական հետապնդումը այս գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ»,- ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ին, տեղի կունենա «Մարտի 1-ի» գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հերթական նիստը, որի ամբաստանյալները, բացի Օհանյանից, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







