Մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններն ավարտված լինեն։ Այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է խորհրդարանը լուծարվի»,- նշեց Մարուքյանը։
Պատգամավորը բացատրեց, որ մինչև հունիսի 1-ը ԼՀԿ-ն չի առաջադրի իր թեկնածուն, իսկ արդեն դրանից հետո չի կարող երաշխավորել, որ չի առաջադրի, հետևաբար՝ կոնսենսուս կարող է կայանալ, եթե դա լինի մինչև հունիսի 1-ը։
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ապա Մարուքյանը նշեց, որ պատրաստ են գնալ ընտրությունների նաև հին ընտրական օրենսգրքով, թեև որոշում դեռ չունեն, թե որ օրենսգիրքն է ավելի ընդունելի իրենց կուսակցության համար։
Իսկ ինչո՞ւ է «Լուսավորը» կենտրոնացած հենց ժամկետների վրա: Այս հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ դրա պատճառը ներքաղաքական ճգնաժամն է, որը պետք է հրատապ լուծում ստանա։
«Ամենաարագ հանգուցալուծումը՝ ընտրությունների անցկացումը, կարող է լինել մայիսի ընթացքում, իսկ եթե մենք փափուկ բարձ ենք դնում ․․․ ու ասում, ժողովո՛ւրդ ջան, հունիսի 1-ից հետո կխոսենք՝ դա ակտուալ խոսակցություն չէ։
Երկիրն այնքան անհանգիստ է, և այնքա՜ն ցնցումներ կան, որ ես չեմ կարող դրա վերաբերյալ կանխատեսումներ անել»,- ընդգծեց Մարուքյանը։
Մարուքյանը պատմեց, որ ներկուսակցական հանդիպումների ժամանակ իրեն նույնիսկ ասում են, որ հունիսն էլ ուշ է, սակայն ինքը հասկանում է, որ կան սահմանադրական ընթացակարգեր, որոնք թելադրում են ընտրությունների անցկացման կարգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







