ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը չորեքշաբթի տեղի ունեցած ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վերընթերցեց ԶՈւ ԳՇ-ի փետրվարի 25-ի հայտարարությունը, որով պահանջվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հարց ուղղեց վերջինիս, թե որպես վարչապետ, գործող կառավարության ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար, ինչքան անադեկվատ որոշումներ է կայացրել, որքան սահմաններ է հատել, որ Գլխավոր շտաբը և բանակի 40 գեներալներ որոշել են, որ նա այլևս ի վիճակի չէ որպես վարչապետ ղեկավարելու, այլ ելք չկա և պետք է վարչապետը հրաժարական տա:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ ասելով.
«ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը, որի մասին դուք խոսեցիք, բավականին խնդրահարույց է: Զինվորականությունն ու հատկապես Գլխավոր շտաբի պետն ու ղեկավարությունը, համաձայն մեր սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու չպետք է կապ ունենան: Խնդրահարույց է, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունը և մեր անվտանգության ապահովումը: Որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»:
Ավինյանը շեշտեց, որ զինվորականների ու քաղաքական գործիչների տարբերակումը պետք է լինի հարատև, որպեսզի չխարխլվեն երկրի պետականության հիմքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







