Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:50

Առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները և խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների և  պահվող անձանց վերադարձի խնդրի ուղղությամբ որեւէ առաջընթաց չգրանցեց: Չնայած սրան՝ հայկական կողմը համաձայնեց իրականացնել նույն փաստաթղթի 9-րդ կետը: Այս ամենն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր, որ ռազմագերիների հարցը առաջնային է Հայաստանի կառավարության համար, եւ որ առանց այդ հարցում էական առաջընթացի չափազանց դժվար կլինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ստորագրեց մի հայտարարություն, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան նոր տրանսպորտային կապ ստեղծել՝ այդպիսով դռներ բացելով Էրդողանի օսմանյան պանթուրքական օրակարգի իրականացման համար: Դրա «դիմաց» Հայաստանը, որն արդեն Վրաստանի տարածքով կապուղի ունի Ռուսաստանի հետ, եւ ուղիղ, բաց սահման՝ Իրանի հետ, Ադրբեջանի տարածքով ստանում է պարտադրված առեւտրային ճանապարհ դեպի այս երկու երկրներ՝ երկաթուղային կապով:

Հաշվի առնելով Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացությունը, որը թիրախավորում է նույնիսկ երեխաների, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ ընդամենը երկու ամիս առաջ կատարած դաժան ռազմական հանցագործությունները, այսօր էլ շարունակվող հայ ռազմագերիների խոշտանգումները և կտտանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թշնամական հռետորաբանությունը, այս փուլում առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից:

Հայաստանը թերևս հակամարտության միակ կողմն է, որը ոչ միայն կատարել, այլև գերակատարել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթով ամրագրված իր պարտավորությունները: Այսպիսով՝ վերոհիշյալ փաստաթղթի առաջին պարբերությունում նշվում է, որ կողմերը «պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում»: Սակայն, Արցախի մի քանի հայկական գյուղեր փոխանցվեցին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չէր հաջողվել դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատել:

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սկսվեց հապճեպ և խիստ վտանգավոր սահմանազատման գործընթաց՝ վտանգելով առանցքային ենթակառուցվածքները (օրինակ ՝ Կապան քաղաքի օդանավակայանը): Այն նաեւ հանգեցրեց հայ գյուղացինի անշարժ գույքի զգալի կորստի եւ անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծեց ՀՀ սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար:

Փաստորեն Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր միակ պարտավորությունը, այն է՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձնանց: Փոխարենը Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են մարդասիրական այս խնդիրը նորանոր օգուտներ կորզելու նպատակով եւ շարունակում ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին եւ նրանց հարազատներին: Ադրբեջանական աղբյուրների կողմից հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում նվաստացնում են հայ ռազմագերիներին, այդ թվում անօգնական մեծահասակների: Հրապարակվել են նաև հայկական մշակութային կոթողների պղծումը փաստող մի քանի տեսանյութեր:

Մեկնաբանելով հունվարի 11-ի հայտարարությունը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ցավոք այս հայտարարությունը ստորագրելով՝ հայկական կողմը կրկին չկարողացավ բավարարել անվտանգության իր առանցքային կարիքները եւ հասնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կարեւոր պահանջի իրացման, այն է՝ գերիների վերադարձին: Փաստորեն հայկական կողմը նոր փաստաթուղթ ստորագրեց՝ չնայած նրան, որ չհասավ իր միակ հրատապ եւ կարեւորագույն պահանջի իրագործմանը: Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգային չլուծված խնդիրները, Ադրբեջանում հայատյացությունը եւ էրդողանական Թուրքիայի պանթուրքական հավակնությունները՝ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունը անվտանգային լուրջ մտահոգություններ է առաջացնում Հայաստանի հարավի, ինչպես նաև ընդհանուր առմամբ պետության ինքնիշխանության համար»:

Հայ ռազմագերիների վերադարձի առնչությամբ Կարապետեանը նշեց. «Մենք Ռուսաստանից ակնկալում էինք, որ նա կկատարեր արդար միջնորդի իր դերը և ավելի մեծ ճնշում կգործադրեր Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս էլ կատարեր ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր պարտավորությունը: Ցավալի է, որ այս հարցում շոշափելի արդյունքներ չգրանցվեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները, ինչպես նաև Եվրամիությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես պարտավոր են միջամտել՝ վերջ դնելու համար ադրբեջանական իշխանությունների կողմից հայ պատանդների կտտանքներին և խոշտանգումներին և երաշխավորելու նրանց վերադարձը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+