Արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու օրենսդրական նախագծերի փաթեթին դեմ են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու օրենսդրական նախագծերի փաթեթին:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի այս նախագծին, քանզի այն չի բխում այսօրվա խնդիրների լուծումներից ու հավելյալ խնդիրներ է առաջացնելու:
«Մենք արդեն 3-4 ամիս ասում ենք, որ պետք է անցնել այլ ռեժիմի, որովհետև երկրին լուրջ վնաս է հասցնում արտակարգ դրությունը. մեզ առաջարկում են մինչև 6 ամսով կարանտին հայտարարելու նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ կարելի է քննարկել այլ տարբերակներ և գոնե փոխել կարանտին հայտարարելու հետ կապված անվանումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթին:
Զոհրաբյանը նշեց, որ բազմաթիվ ուսանողներ ընդունվել են ԵՄ բուհեր, հիմա, եթե ՀՀ ողջ տարածքով հայտարարում ենք կարանտին, վատթարագույն ազդակն է լինելու այդ երկրների համար: Որոշ ուսանողներ կարողացան չարթերային թռիչքներով գնալ, բայց մի քանի ուսանողներ չեն կարողանում գնալ»,- ասաց Զոհրաբյանը:
«Այն դեպքում, երբ արտակարգ դրության ռեժիմից անցում է արվում կարանտինի, մյուս երկրները մտավախություն ունեն, որ Հայաստանի հետ սահմանները չպետք է բացվեն: «Կարանտին բառը լսելով՝ բնականաբար, որևէ երկիր Հայաստանի հետ օդային սահմանը չի բացելու: Այս ձևով այս նախագիծը «Բարգավաճ Հայաստանի» համար միանշանակ անընդունելի է»,- նշեց պագամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







