Վերջին շրջանում մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամեժ ազդակներ և հայտարարություններ, որոնցից կարող ենք ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև՝ դիվանագիտական ներուժին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին։
ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու։
«Ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ թե՛ երկկողմ, թե՛բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները՝ տվյալ պարագայում Հայաստանն ու Ռուսաստանը, չպետք է սերտ համագործակցություն ունենան նաև ռազմաարդյունաբերական ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990-ական թվականներին։ Պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանն այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը», — ասաց Նաղդալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







