ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» հարցազրույցների շարքի չորրորդ մասը։
Հարցին՝ ինչո՞ւ մենք կորցրինք մեր այդքան զինվորների և սպաների կյանքը, Սարգսյանը պատասխանել է․
«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա, բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը»:
«Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրինք չորսից հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում, ավագ սպաների և սպառազինության կորուստ: Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակները սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիները, իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվոր: Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք ու սգավոր, բայց, միևնույն ժամանակ, հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին»,- ասաց երրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայկական բանակի գործողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







