1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը որոշել են պատգամավորի քթից բերել։ Այդ գործի «առաջամարտիկը» Լիլիթ Մակունցն է։ «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ դա արվում է Փաշինյանի «դաբրոյով»։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Մակունցն արդեն քանի օր է` հարցումներ է անում` հայտնի լողափի և պատգամավորի կապը ստուգելու համար, նա նյութեր է հավաքում և խմբակցության որոշ անդամների տեղեկացրել է, որ թղթապանակը պատրաստ լինելուն պես ներկայացնելու է վարչապետին ու ամեն ինչ անելու է, որ այս պատմությունը Սարգսյանի համար անհետևանք չմնա։
Չնայած ընկերներին ասել է, որ իր ակտիվության պատճառն իրեն խաբելն ու անհարմար վիճակի մեջ դնելն է։
2․ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օրերս ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Թերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել: Բանն այն է, որ այս տարվա ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Եվ, ահա, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում, արձագանք էր եղել անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի մակարդակով:
Եվ, ահա, պարզվում է՝ այդ շրջանում հեռակա վեճեր են եղել նաև ԱԺ փոխնախագահի և Կաթողիկոսի միջև, ու նրանք այս ամիսների ընթացքում այլևս չեն շփվել: Եվ, ահա, օրերս կայացած հանդիպումը նրանց «բարիշացնելու» մտադրություն է հետապնդել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, որը հաստատեց հանդիպման մասին տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:
3․ Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, որոնք ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ), և կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ Ըստ ԱԱԾ թերթի աղբյուրների փոխանցման՝ Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով ուզում է լինի, համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»»։
4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխատանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ ահա լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակվի ՌՈ պետ, որը, կարծես թե Աղաջանյանը չի լինելու:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու է զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:
Ուշագրավ է, որ վերջինս հուլիսի 1-ին՝ դատախազության օրվա առթիվ պարգևատրվել էր ՀՀ նախագահի կողմից: Եվ հենց այդ ժամանակ ևս լուրեր էին տարածվել, թե նրան պատահական չեն պարգևատրել: Հենց այդ ժամանակ էլ Հակոբյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներից է, դիտարկել էին որպես հավանական թեկնածու, իսկ այժմ արդեն վերջնական որոշում է կայացվել:
5․ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ և թեժ քննարկումներով նիստ երբևէ տեղի չէր ունեցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ: Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորները քննարկել են, թե ինչպես են քվեարկելու ՍԴ երեք թեկնածուներ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Նշենք, որ խմբակցության նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և գրեթե բոլոր պատգամավորները ելույթներ են ունեցել ու, բացի այս թեմայից, առհասարակ դժգոհել են կառավարության մոտեցումից, որ մտածում են, թե ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Եվ ահա, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի քվեարկությունը թողնել ազատ: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորների մի մասն ավելի շատ դեմ է կառավարության և նախագահի ներկայացրած թեկնածուներ Ավետիսյանին և Վաղարշյանին, իսկ Խունդկարյանի շուրջ այնքան էլ բուռն քննարկումներ չեն եղել, և նրա դեմ տրամադրվածությունն այդքան վատ չէ: Նկատենք, որ այդքան թեժ նիստի արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







