Հայաստանում պաշտոնատար անձանց, պետական պաշտոններ զբաղեցնելու հավակնորդների բարեվարքության ինստիտուտի ներդրումը և վերջինիս շրջանակներում ՀՀ դատախազության և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև համագործակցությունն սկսում են տալ իրենց առաջին արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը նշում է, որ հունիսի 29-ից հուլիսի 1-ը տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը։
Վերջինիս մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմում ուսումնասիրելու ընթացքում պարզվել է, որ հայտատուներից մեկը, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել է 2017 թ․ մայիսի 1-ից մինչև 2019 թ․ մայիսի 1-ը ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Պարզվել է, որ տվյալ անձը 2016-2020 թթ․ ընթացքում պարբերաբար դիմել է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող բաց մրցույթներին մասնակցելու համար, սակայն երբևէ մասնագիտական աշխատանքային գործունեությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հայտերի ընդունման ընթացքում նրանից պահանջվել են իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր։ Քաղաքացին ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք նրա՝ 2017-2019 թթ․ ընթացքում աշխատանքային գործունեություն իրականացրած լինելու մասին: Արդյունքում որակավորման հանձնաժողովը բավարարել է վերջինիս հայտը և նրան թույլատրել է մասնակցել մրցույթին։
Նշվում է, որ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազները կլինեն առաջին պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց վերաբերյալ իրականացվել է բարեվարքության ստուգման գործընթաց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







