ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 8-ին, հրավիրված արտահերթ նիստում քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
Սեդրակյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում ՏՄՊՊՀ-ի իրականացրած գործունեությունը․
«Այս ընթացքում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման մեկ տասնյակից ավելի վարչական վարույթներ, որոնցից մի քանիսն արդեն արձանագրվել են չարաշահման դրսևորման դեպքերով: Դրանց գերիշխող մասը գտնվում է ընթացիկ վարույթում:
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակենտրոնացման գործողությունները: Նշվածի հետ կապված՝ վերջերս հանձնաժողովի որոշմամբ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց է կիրառվել նախարարության և համայնքի ղեկավարի նկատմամբ»։
Ըստ Սեդրակյանի՝ գնման ընթացակարգերում առավել հաճախ են հանդիպում պայմանավորվածություններ, թերևս ամենաակնառու և հաճախ հանդիպող խնդիրները տեխնիկական բնութագրերում ուղղորդող, հղումներ պարունակող կոնկրետ ապրանքը բնութագրող հատկանիշների առկայությունն է, ինչի հետևանքով սահմանափակվում է մրցակցությունը: Հանձնաժողովն իրականացնում է պետական մարմիններում գնումների գործընթացի ուսումնասիրություն:
Նա նշեց, որ 2019-ին նախորդ տարվա համեմատությամբ էականորեն աճել են քաղաքացիների և տնտեսավարողների դիմում-բողոքների հիման վրա հարուցված վարույթները:
«Դա խոսում է հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման մասին: Այս համատեքստում առավել քան կարևոր է հանձնաժողովի բաց, թափանցիկ, հաշվետու և հրապարակային գործելաոճի ապահովումը, որի ուղղությամբ մինչ օրս իրականացվել են մի շարք աշխատանքներ»,- նշեց Սեդրակյանը։