Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդները ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ հանդես են եկել ուղերձներով:
Իր ուղերձում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ընդգծել է, որ երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի են և կարող են հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով:
«Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ», – ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:
Ուղերձում ասված է, որ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Հենց այս սկզբունքից պետք է բխեն բոլոր պետական մարմինների և ՀՀ բոլոր քաղաքացիների քայլերն ու արարքները: «Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև» – գրել է Ծառուկյանը:
Շնորհավորելով քաղաքացիներին՝ ԲՀԿ առաջնորդը հույս է հայտնել, որ միասնական ջանքերով կհաջողվի կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքը:
Սահմանադրության օրվան նվիրված ուղերձով է հանդես եկել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Այսօր կարևոր օր է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ գյուղացու և զինվորի, գիտնականի և ուսուցչի, հայրենասեր և օրինապահ քաղաքացու համար,
անգամ նրանց համար, ովքեր 2020 թ.֊ին լծվել են Սահմանադրության պաշտպանության գործին, մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ ակտիվորեն կեղծում էին սահմանադրական հանրաքվեն, իսկ ավելի մոտ անցյալում խախտում և ապականում արդեն ընդունված տեքստի ոգին», – ասված Է հայտարարության մեջ:
Մարուքյանը նաև ընդգծել է, որ, ամեն դեպքում, այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է։ «Շնորհավորում եմ բոլորիս և հույս հայտնում, որ բացի փաստաթղթղից, մենք Հայաստանում կկարողանանք բարձր պահել սահմանադրականությունը մեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի արդյունքում», – գրել է Էդմոն Մարուքյանը: