Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդ մեկնելուց առաջ իրեն փոխարինելու պարտականությունը դրել է ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Իսկ ինչ վերաբերվում է սահմանադրական նոր փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություններին, որոնք պետք է ստորագրեն ՍԴ երեք անդամները, ապա Ղազարյանը հավաստիացրել է, որ մինչ օրս նմանօրինակ փաստաթուղթ ՍԴ մուտք չի եղել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Խաչատրյանն այսօր անգամ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որը նրան շնորհավորել է ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ։
Ավելի ուշ 168.am կայքի հետ զրույցում ՍԴ դատավորը հայտարարել է, որ չի համարվում ՍԴ նախագահի լիազորությունները կատարող։
ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ մամուլից է տեղեկացել, որ ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են Աշոտ Խաչատրյանի վրա։ Գյուլումյանը հայտնել է, որ այդ հարցի կապակցությամբ Խաչատրյանի հետ որևէ խոսակցություն չի ունեցել, նրա հետ ունի գործընկերային, լավ հարաբերություններ։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Խաչատրյանը պայմանավորվածությունների է գնացել իշխանությունների հետ, տեղյակ լինելով, որ Ձեր վրա են դրված ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, Գյուլումյանն արձագանքել է. «Չէի ցանկանա որևէ գնահատական տալ այդ հարցի առնչությամբ»,– ապա հավելել է.
«Սա իրավունք չէ, սա արդեն քաղաքականություն է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







