Տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամ, Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը:
«Հավանաբար իշխանությունը երեկ գիշերային իր այդ ժամադրությունից դատելով, կրկին շարունակում է հետամուտ է իր հեղափոխական քայլերին, իսկ հեղափոխությունները բերում են դժբախտություն, կործանում: Մենք հիմա համոզվում ենք, որ կործանման թիրախ է ընտրվել ՍԴ-ն: Մեր հասարակությունը պետք է անպայման միավորվի և միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել այս իշխանությանը: Դա է ճանապարհը, մենք այդ ճանապարհն ենք տեսնում, և դա է պատճառը, որ եկել ենք այստեղ մեր բարոյական ու քաղաքական աջակցությունը հայտնելու ՍԴ-ին: Իսկ ՍԴ-ն բոլորինս է, ուրեմն պաշտպանել ՍԴ-ն նշանակում է պաշտպանել մեր իրավունքները»,-հայտարարեց Արա Սահակյանը:
Նա նկատեց, որ այն, որ մեդիա դաշտը հետաքրքրված է այս խնդրով և հնարավորություն է տալիս մարդկանց իրենց տեսակետը հայտնել, օգնում է, որ ժողովուրդը կողմնորոշվի, դա արդեն իսկ հսկայական աշխատանք։ է:
Արա Սահակյանը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի պահպանման համար որևէ իրավական կամ կազմակերպական անհրաժեշտություն չկա, գործող օրենքները թույլ են տալիս կազմակերպել, իսկ հավաքների արգելումը դիտավորություն է.
«Այն շատ ծիծաղելի հետևանքներ ունի, շատ նման է այն արտակարգ դրությանն, որ 1988թ. սկսած Սովետական կենտրոնը հայտարարում էր ղարաբաղյան շարժման դեմ: Արդյունքում՝ Սովետական միությունը փլուզվեց, իսկ ղարաբաղյան շարժումը՝ հաղթեց: Հիմա էլ հեղափոխական նպատակահարմարությունը մենք հակադրում ենք իրավական գիտակցությանը»:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի տեսակետին, թե սահմանադրական այս փոփոխություններով ՍԴ ճգնաժամը լուծվում է, Արա Սահակյանն ասաց. «Ես այդպիսի անուն-ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում: Ես գիտեմ, որ կա այդ անուն ազգանունով մի դասալիք, գործալիք:Սովորական մի բանվորը, բժիշկը, ուսուցիչը մի քանի ժամ աշխատանքից բացակայելուց հետո վաղուց հեռացվել էր: Նա ձրիակեր է, ուտում է ձեր փողերը աշխատավարձի տեսքով: Նա որևէ բաոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ»:
Արա Սահակյանը ընդգծեց, որ Սահմանադրությունը փոփոխվել է խախտելով Սահմանադրության պահանջը, առ այն, որ փոփոխություններն ընդունելուց առաջ պետք է ստանային ՍԴ-ի կարծիքը սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ. «Գործադիր և օրենսդիր երկգլխանի հիդրան, որը կոչվում է ներքին իշխանություն՝ ոտնահարել է Սահմանադրության այդ պահանջը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







