ՍԴ օրենքի համաձայն, երբ որ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհապաղ վերսկսել գործի քննությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությանը։
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դուք գիտեք, որ հրապարակվեց հունիսի 18-ին, երբ մեր օրակարգն արդեն կազմված էր: Իսկ ՍԴ օրենքի համաձայն, երբ որ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհապաղ վերսկսել գործի քննությունը: Սա է պատճառը»,- ասաց ՍԴ անդամը։
Գյուլումյանը նշեց, որ կանոնակարգի համաձայն, ՍԴ նիստերի օրակարգում կարող են կատարվել ավելացումներ և հարցեր հանվել՝ դա բնական աշխատանքային գործընթաց է։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և Առաջին ատյանի դատարանի դիմումների քննության օր է նշանակել հուլիսի 7-ը՝ ժամը 11։00-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







