«Լուսավոր Հայաստանը» շարունակում է ԲՀԿ-ի հետ քննարկումները՝ ՍԴ-ի վերաբերյալ այսօր ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծերի սահմանադրականության հարցի կապակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը։
«Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։
Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով»,-նշել է նա։
«Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն»,-իր կողմից առաջարկել է Մարուքյանը։
Նա նշել է նաև, որ շարունակում են քննարկումները ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ՝ այս հարցում հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ։
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Նախագիծն ընդունվեց 89 կողմ ձայնով։
Հիշեցնենք՝ նախագծով սահմանվում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունն այսօր դիմել է ՍԴ՝ այսօր ԱԺ-ում ընդունված օրենքի սահմանադրականության հարցով՝ կոչ անելով ԼՀԿ խմբակցությանը ևս միանալ իր նախաձեռնությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







