«Օրենքի առջև հավասար են բոլորը՝ անկախ նրանից քաղաքական կուսակցության կամ խմբակցության ղեկավար են, թե ոչ, գործարաններ ունեն, թե ոչ․ սա մեր քաղաքական հավատամքն է,-այս մասին այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա կոչ արեց տարբերակել հարցի քաղաքական ու իրավական հատվածները.
«ԲՀԿ միավորման, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին ես էլ ունեմ իմ գնահատականներն ու պատկերացումները, որոնք տալուց առայժմ զերծ կմնամ, որպեսզի որևէ մեկնաբանություն որեւէ պահի չմեկնաբանվի՝ որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին, կամ սրբորեն պահպանվող անմեղության կանխավարկածի ոտնահարում»:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների կարծիքներին, թե այս քրեական գործերի պատճառը Ծառուկյանի քաղաքական հայտարարություններն են, Միրզոյանը ասաց.
«Գիտեք, շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց արդեն հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կամ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որեւէ արարքի: Որպեսզի հասկանանք որը որից հետո է, պետք է պարզ հայացք նետենք ժամանակագրությանը, ճշմարտությունը ավելի քան ակնհայտ է»,-ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի՝ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



