«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրվել ոչ միայն իր, այլև կնոջ բանկային հաշիվների վրա։
«Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը՝ հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, երեխաների համար ձեռք բերել սնունդ»,- գրել է Ղազարյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Ղազարյանի հաշիվների վրա արգելանք դնելը քաղաքական հետապնդում է համարում։
«Իհարկե, վախենում են, ամեն ինչ անում են, որ Ղազարյանն իր տաղանդները չցուցադրի»,- ասել էր Կարապետյանը։
Ղազարյանը հոկտեմբերի 9-ին հայտնել էր, որ դատարանը Փաշինյանի միջնորդությամբ արգելանք էր դրել իր բանկային հաշիվների վրա, իսկ Հարկադիր կատարման ծառայությունն անմիջապես կատարել էր որոշումը։
Փաշինյանը, ինչպես հայտնի էր դարձել հոկտեմբերի 2-ին, դատական հայց էր ներկայացրել Ղազարյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունը և 6 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Հայցի առիթը սեպտեմբերի 27-ին News.am-ին Ղազարյանի տված հարցազրույցն էր։
Ղազարյանը պնդել էր, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական առաջխաղացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ից հետո, երբ Փաշինյանը մեկնել էր Ստեփանակերտ և հրամանատարաշտաբային կետում խորհրդակցություն անցկացրել, իսկ վերադառնալուց հետո, ըստ Ղազարյանի, «սկսել թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։
Դատարանը հոկտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել Փաշինյանի հայցը։ Գործով երրորդ կողմ է News.am-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







