«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին, հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Հիմա արդեն ծրագիրը հասունացել է և հասել է գործնական իրականացման փուլ․ կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի արդեն հիմնարկեքի արարողությունը»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ ամերիկյան AECOM ընկերությունն իրականացնում է ծրագրի բազմաշերտ ուսումնասիրություն, որի արդյունքներն ու գնահատումը կամփոփվեն առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։
Մկրտչյանը հայտնել է նաև, որ ավարտվել են ամերիկյան ֆինանսական կառույցների հետ անհրաժեշտ ձևական գործընթացները։ Ծրագրի շուրջ Երևանի և Վաշինգտոնի միջև անցկացվել են բազմաթիվ միջգերատեսչական հանդիպումներ ու փոխայցելություններ։
Ուսումնասիրության ամփոփումից և նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումից հետո ծրագիրը կանցնի շինարարական աշխատանքների փուլին, հավելել է դեսպանը։
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման շրջանակը սահմանող փաստաթուղթ, ըստ որի նախատեսվում է ստեղծել TRIPP Development Company-ն, որի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







