ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը հորդորել է խստացնել վերահսկողությունն ԱԺ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի ելույթների նկատմամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ պատգամավորի վերջին հայտարարություններն ու պահվածքը դուր չեն եկել Փաշինյանին։ Նա հանձնարարել է «խոսել չիմացող» պատգամավորներին լռել կամ իրենց ելույթները նախապես համաձայնեցնել ղեկավարության հետ։
Իր հերթին, ՔՊ-ի «հնաբնակները» ընդդիմադիրների հետ միասին քննադատում են Վարդանյանին։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակում նա զբաղեցնում էր 35-րդ հորիզոնականը՝ ընդգրկված լինելով առաջին 50-ում։ ՔՊ-ում շատերը, ովքեր այժմ ստվերում են հայտնվել, մյուս ճամբարափոխների նման Վարդանյանին ևս լավ աչքով չեն նայում։
Վարդանյանը մինչև ընտրությունները Փարաքարի ավագանու ՔՊ անդամ էր, սակայն տեղեկություններ կան, որ 2021 թվականի ընտրություններին նա մասնակցել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։
Պատգամավորի պաշտոնական կենսագրությունում քաղաքական գործունեության այդ հատվածը նշված չէ։
Վարդանյանն ԱԺ քառօրյա ելույթում ԱԺ ամբիոնից անդրադարձել էր պատգամավորներին անհատապես, խոսել էր սխալ ու ոչ գրագետ հայերենով, հրաժարվել էր ենթարկվել ելույթն ավարտելու հրահանգին։ Նրա խոսափողն անջատել էին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







