Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, 2026-ի ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանի գործով դատական առաջին նիստը։ Դատախազը միջնորդել է երեք ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը։
Հանրային մեղադրողը մտավախություն է հայտնել, որ Գրիգորյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Ըստ նրա՝ նշված մտավախություններն արդիական են նաև այսօր։
«Գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, չի իրականացվել ապացույցների հետազոտում, չեն հարցաքննվել սույն գործով վկաները»,- նշել է նա։
Դատախազը հիշեցրել է, որ ԱԺ պատգամավոր լինելուց բացի՝ Գրիգորյանը լայն գործունեություն է իրականացրել նաև Գյումրիում և շեշտել, որ վկաները ևս Գյումրիից են։
Դատախազը պնդել է, որ Գրիգորյանը կարող է իր կապերն օգտագործել վկաների վրա ներգործելու նպատակով։
Օգոստոսի 13-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Գրիգորյանին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրողներին կաշառելու ենթադրյալ գործով։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդունը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







