ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են, որ Գլխավոր դատախազության հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվում է 193 անշարժ գույք, չեն արտացոլում նրանց փաստացի պատկանող անշարժ գույքի քանակը։
Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։
«Առանձին սեփականության վկայականների քանակը չի արտացոլում փաստացի ինքնուրույն օգտագործվող գույքերի թիվը»,- հայտարարել են փաստաբանները։
Պաշտպանության տվյալներով՝ շուրջ 90 սեփականության վկայական վերաբերում է Եղվարդ քաղաքի հարակից տարածքում գտնվող մեկ հողատարածքի, որն, իրականում, օգտագործվում է որպես մեկ ամբողջություն։ Այն ձևավորվել է տարբեր տարիներին առանձին հատվածների ձեռքբերման արդյունքում, որոնք հետագայում գրանցման առումով չեն միավորվել։
Փաստաբանները նաև պնդում են, որ ցանկում ներառված մյուս գույքերի մի մասը պատկանում է շուրջ տասը ընտանիքի՝ տասնյակ այլ անձանց, իսկ դատախազությունը դրանք Խաչատրյանի հետ կապում է «փոխկապակցվածության» վարկածի հիման վրա։ Պաշտպանական կողմը հայտարարել է, որ նախկինում ներկայացրել է իրավական և փաստական հիմնավորումներ առ այն, որ այդ գույքերի ձեռքբերումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կապված չեն Խաչատրյանի հետ։
Փաստաբանները մատնանշել են նաև դատախազության հրապարակած տվյալներում պարտատոմսերի գումարի վերաբերյալ առկա սխալը։ Նրանց խոսքով՝ սկզբնական հրապարակման մեջ նշվել է 1 մլրդ 451 մլն դոլար՝ իրական 1 մլն 451 հազար դոլարի փոխարեն։ Պաշտպանության դիմումներից հետո թիվը հայերեն տարբերակում ճշգրտվել է, սակայն, փաստաբանների պնդմամբ, հաղորդագրության հրապարակման պահին ռուսերեն և անգլերեն տարբերակներում պահպանվել էր սխալ նշված գումարը։
«Երբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործը դեռևս քննվում է դատարանում և դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ առկա չէ, մեր գնահատմամբ՝ ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումների»,- հավելել է պաշտպանական խումբը։
Կալանավորման միջնորդությունը քննելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Խաչատրյանին դատական նիստ էին տեղափոխել պատգարակով։ Նրա փաստաբանները տեսանկարահանել էին տեղափոխումը և հայտարարել, որ 71-ամյա Խաչատրյանը զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։
Պաշտպանական կողմը նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների վերաբերյալ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







