Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում շարունակվում է բարեկարգման երկրորդ փուլը, հայտնել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Աշխատանքների ընթացքին ծանոթացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են կատարված աշխատանքներն ու դրանց ընթացքը։ Անդրեասյանն ընդգծել է շինարարական և բարեկարգման աշխատանքների բարձր որակի հետևողական ապահովման անհրաժեշտությունը։
Ծիծեռնակաբերդի վերականգնման և բարեկարգման աշխատանքները հանրային քննարկումների առիթ էին դարձել։ Վերականգնման աշխատանքներն սկսվելուց հետո վնասված մույթերի բեկորները հայտնվել էին համացանցում, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Բողոքի ցույցերից հետո նախարարությունը դադարեցրել էր աշխատանքները, հայտարարել բարելավումների մասին, ապա վերսկսել դրանք։
Հունվարին Անդրեասյանն Armenia Today-ին հայտնել էր, որ վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 24-ը, իսկ մասնագետներն ամենշաբաթյա այցերի ընթացքում հետևում են աշխատանքների ընթացքին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում քննադատել էր վերականգնման աշխատանքների որակը՝ դրանք որակելով որպես հուշահամալիրին հասցված վնաս։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին տված հարցազրույցում վերականգնման աշխատանքները կապել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իշխանությունների մոտեցման փոփոխության հետ։
Կարդացեք նաև՝
Վանդալի՞զմ, վերանորոգո՞ւմ, թե՞ ուղերձ․ Ցեղասպանության հուշահամալիրի շուրջ բանավեճը շարունակվում է
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







