«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստն ավարտվել է, հայտնել են փաստաբանները։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին։
Փաստաբան Էմին Խաչատրյանը նշել է, որ պաշտպանական կողմը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, որոնք հերքում են Ծառուկյանին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։
«Մեր կողմից ներկայացված ծանրակշիռ փաստական տվյալներն ու ապացույցները վկայում են, որ տուժողները, պետք է տուժող չլինեին, պետք է լինեին մեղադրյալ, իսկ Ծառուկյանը՝ տուժող»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Ծառուկյանի առողջական վիճակը բավարար է, տրամադրվածությունը՝ մարտական։ Ըստ Խաչատրյանի՝ Ծառուկյանը դատարանում հայտարարել է, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, ինքը չի կարող մեղադրյալ լինել, իսկ իր բարի համբավը և պատիվն արատավորող Իրանի քաղաքացիները ժամանակի ընթացքում պարտադիր ենթարկվելու են քրեական պատասխանատվության՝ սուտ ցուցմունքի և սուտ մատնության համար։
Դատի ընթացքում Ծառուկյանի կողմնակիցները հավաքվել էին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց: Ներկա էին նաև ընդդիմության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ: Մասնակիցները պաստառներ են պարզել՝ «Ազատություն մեծանուն հայ Գագիկ Ծառուկյանին» և «Ազատություն քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին» գրություններով:
«Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն Armenia Today-ին հայտնել է, որ Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր չեն հաշտվել ընթացող քաղաքական և դատական գործընթացների հետ: Նրա խոսքով՝ սա միայն Ծառուկյանի, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կամ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեպքը չէ:
Դանիելյանը կարծում է, որ ապագայում նմանատիպ իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած գործարար, հասարակական կամ մշակութային գործիչ, հոգևորական կամ բարերար: Նա նշել է, որ քաղաքացիների մասնակցությունը նման միջոցառումներին նաև միջոց է իրենց պաշտպանելու հնարավոր ապագա հետապնդումներից: Դանիելյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհետապնդի նրանց, ում համարում է իր հակառակորդը, մինչդեռ կառավարությանը հավատարիմները նման խնդիրների չեն բախվում:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ երկրի իրավապահ համակարգը մեծ մասամբ գործում է Փաշինյանի հրահանգով: Պատգամավորի խոսքով՝ ներկայիս կառավարության օրոք ձերբակալությունը գործնականում դարձել է պատժի ձև նրանց համար, ովքեր դժգոհ են վարչապետից: Մխիթարյանը նաև շեշտել է, որ իրավապահների կողմից ձերբակալությունները և այլ գործողություններն ուղեկցվում են «շոուով», որը, իր կարծիքով, օգտագործվում է հանրության ուշադրությունը պահելու համար:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ծառուկյանի ձերբակալությունն անվանել է քաղաքական հարված և վրեժխնդրություն: Նա նշել է, որ իշխանությունները ճնշում են գործադրում նաև ընդդիմադիր այլ առաջնորդների վրանկատմամբ, այդ թվում՝ Կարապետյանի և Քոչարյանի:
Մանուկյանի խոսքով՝ իշխանությունների գործողությունները «վենդետտա» են և կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Այլ ցուցարարներ նույնպես պնդում են, որ Ծառուկյանի քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և գործը կապում են Փաշինյանի կողմից ընդդիմության առաջնորդի վերաբերյալ արված հայտարարությունների հետ:
Ծառուկյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։
ԶԼՄ-ները հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







