Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, ապրանքատեսակների ցանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բիշքեկում՝ ՇՀԿ ընդլայնված գագաթնաժողովում։
«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա ապրանքատեսակների ցանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի առաջ վերջ են դրել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասը «վերածվում է խաղաղության գոտու»։
Ապրիլին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն փոխանակել են փոխադարձ առևտրի համար պոտենցիալ ապրանքների ցուցակներ։ Այս փուլում Ադրբեջանը հիմնականում բենզին և դիզելային վառելիք է արտահանել Հայաստան։ Օգոստոսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մոտ ապագայում սպասվում է նաև Հայաստանից Ադրբեջան արտահանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







