Հայաստանն ակտիվացնում է հարաբերությունները մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի հետ, երբ որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ուժեղանում, որ կարող է վտանգել երկրի անկախությունը։ Այս մասին ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Երևանի բազմաբևեռ արտաքին քաղաքականության սկզբունքը։
Վարչապետի խոսքով՝ նման քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի ինքնիշխանության և անկախության պահպանումն ու ամրապնդումն է։
«Երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության և անկախության բարդություններով լեցուն ճանապարհին»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և Եվրոպական Միության հետ։
Փաշինյանի խոսքով՝ Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, և այժմ աշխատանքներ են տարվում դրանք համապատասխան փաստաթղթերով ամրագրելու ուղղությամբ։
Վարչապետը նաև հայտնել է, որ այսօր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այսօր ես հանդիպում կունենամ ՌԴ հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականությանը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, խորացնելով բարեկամական հարաբերություններն Իրանի և Վրաստանի հետ, միաժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով է գնում։
Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում է միջպետական հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործման միջոցով։ Նախագծի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։
Փաշինյանի խոսքով՝ նախագիծը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն Արևելքից Արևմուտք՝ Կասպից ծովը Միջերկրական ծովին կապելու, այլև Հարավից Հյուսիս՝ Պարսից ծոցը Սև ծովին կապելու ուղղությամբ։ Վարչապետը նշել է, որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը՝ այդ գործընթացում առանցքային համարելով Միավորված ազգերի կազմակերպության դերը։
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ 63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունել էր Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի նախագիծը։
ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







