ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացումը Երևանի համար կհեշտացներ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի լուծումը։ Այս մասին նա ասել է Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։
«Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ, համենայն դեպս, կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը չի պատրաստվում վերադառնալ ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքին։
«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա հինգ տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել, որ ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ կազմակերպությունում քննարկումներ կան անդամ երկրին ՀԱՊԿ-ից հեռացնելու հնարավորության շուրջ, իսկ կազմակերպության կանոնադրությունը նման տարբերակ նախատեսում է։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության նոր ծրագրում ՀԱՊԿ-ը որևէ անգամ չի հիշատակվում։ Փաշինյանի խոսքով՝ նախկինում Երևանը խոսում էր կազմակերպությանը հարցեր ուղղելու և դրանց պատասխաններն ստանալու անհրաժեշտության մասին, սակայն այժմ այդ մոտեցումն այլևս արդիական չէ։
«Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունն սպառված է»,- հայտարարել է վարչապետը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ և ինչո՞վ է իշխանությունը պատրաստվում փոխարինել ՀԱՊԿ-ը՝ Փաշինյանն ուղղակիորեն չի պատասխանել։ Նա միայն հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության հայեցակարգը ենթադրում է սեփական տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելու կարողություն։
«Պետք է ունենանք պաշտպանունակ բանակ և խաղաղություն՝ հիմնված լեգիտիմության, փոխկապվածության, երկարաժամկետ կանխատեսելիության վրա։ Դա է մեր անվտանգության կոնցեպտը»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունենա խաղաղություն և կայունություն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ Հայաստանը կարող է ինքնուրույն դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությանն անդամակցությունն այլևս չի բխում Երևանի ազգային շահերից։
«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանն անդամակցելուն, ապա ազատ է համապատասխան որոշում ընդունել և լքել այդ կազմակերպությունը»,- հայտարարել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ մինչ այժմ հայկական կողմի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում հայտարարել են Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցնելու մասին, սակայն երկիրը դեռ չի ծրագրել դուրս գալ կազմակերպությունից։
Փաշինյանի հայտարարությանն արձագանքել են նաև ՌԴ Պետդումայում և Դաշնության խորհրդում։ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Վիկտոր Սոբոլևը ՀԱՊԿ-ից հեռանալու՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կապել է Եվրամիության ազդեցության հետ։
Նրա պնդմամբ՝ ԵՄ-ն փորձում է ևս մեկ նախկին խորհրդային հանրապետություն ներգրավել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
«Փաշինյանը նրանց ևս մեկ խամաճիկն է»,- հայտարարել է Սոբոլևը։
Պատգամավորը նաև պնդել է, որ Հայաստանն ինքն է հրաժարվել Ռուսաստանի օգնությունից։
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշում ընդունի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, եթե ցանկանում է դա անել, ոչ թե սպասի կազմակերպությունից հեռացվելուն։
Նա առաջարկել է Հայաստանում ՀԱՊԿ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել և այնուհետև գործել սահմանված ընթացակարգով։
Ջաբարովի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի բարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը, իսկ նման որոշումից հետո Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կդառնան «սովորական միջպետական»։ Սենատորը նաև հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի քաղաքականությունը կարող է տնտեսական ճգնաժամի հանգեցնել և Երևանից պահանջել ընտրություն կատարել ԵՄ-ի ու Եվրասիական տնտեսական միության միջև։
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Պերմինովն, իր հերթին, Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու Հայաստանի մտադրությունն անվանել է դեպի Արևմուտք երկրի շրջադարձի վկայություն։ Նրա գնահատմամբ՝ խոսքը «Երևանի՝ դեպի Արևմուտք պաշտոնական և, հավանաբար, անշրջելի քաղաքակրթական շրջադարձի» մասին է։
Պերմինովի կարծիքով՝ հետագայում Երևանը կարող է ստիպված լինել դուրս գալ ԵԱՏՄ-ից, իսկ Ռուսաստանի և Միության հետ կապերի խզման տնտեսական ու քաղաքական հետևանքները Հայաստանը կզգա անմիջապես։ Սենատորը նաև պնդել է, որ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը կարող է տասնամյակներ տևել՝ անորոշ արդյունքով։
Հայաստանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցրել էր 2024 թվականին։ Փաշինյանը հետագայում այդ որոշումը բացատրել էր նրանով, որ կազմակերպության մեխանիզմները չէին գործարկվել 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ։
Հայաստանը 2024 թվականից նաև դադարել է մասնակցել ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։ Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հարցի քննարկումը՝ ավելի քան երկու տարի կուտակված անդամավճարների պարտքի պատճառով։
Հունիսի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին կազմակերպությունից, Երևանն ստիպված կլինի այդ որոշումն ընդունել ի գիտություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







