Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությանը, որտեղ վերջինս պնդել էր, որ «Ուժեղ Սփյուռք» ՝ «Ուժեղ Հայաստան» բանաձևը «միֆ է» և ասել, որ «այն մարդիկ, ովքեր ասում են՝ Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, թե ասեն՝ Հայաստանը պետք է թուլանա»։
Եղոյանի համոզմամբ՝ Սփյուռքն ուժեղանում է միայն Հայաստանից հեռացած քաղաքացիների հաշվին, ինչից նա հետևություն է արել, որ Սփյուռքի կառույցների գործունեության արդյունքում Հայաստանը չի կարող ուժեղանալ։
ՔՊ պատգամավորի՝ «ուժեղ Սփյուռք նշանակում է թույլ Հայաստան» արտահայտությանը Փափազյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Սփյուռքը նույն ազգի երկու չափումներն են։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
«Հայաստանը և Սփյուռքը հաղորդակից անոթներ չեն, որ մեկը դատարկվի, որպեսզի մյուսը լցվի»,– ասել է Փափազյանը։
Նա ընդգծել է, որ իշխանությունների քննադատությունը չի նշանակում պայքար հայկական պետականության դեմ, իսկ Սփյուռքի ավանդական կառույցների թիրախավորումը, նրա խոսքով, բխում է Անկարայի և Բաքվի շահերից։
Փափազյանը նաև հիշեցրել է, որ «լեգիտիմությունը միայն ընտրական մանդատով չի որոշվում, այլ ձևավորվում է ծառայությամբ, համայնքները մոբիլիզացնելու կարողությամբ և շոշափելի արդյունքներով»։
«Կառավարությունները ժամանակավոր են, պետությունը՝ հավերժ»,– շեշտել է Փափազյանը։
Անդրադառնալով Սփյուռքի կառույցներին՝ Փափազյանը կարևորել է հատկապես դրանց հայապահպան առաքելությունը։ Նա նշել է, որ այդ կառույցները խորհրդային տարիներին իրականացրել են ոչ պաշտոնական դիվանագիտություն՝ հայկական հարցը պահելով միջազգային օրակարգում։
«Սփյուռքը ջնջման սպառնալիքի տակ գտնվող հիշողությունը վերածել է միջազգայնորեն ճանաչված պատմական ճշմարտության»,– ասել է Փափազյանը։
Փափազյանն անդրադարձել է նաև Արցախին և արցախահայությանը՝ նշելով, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը պետք է լինի անքննելի պահանջ։
«Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը պետք է մնա կենտրոնական, հանրային և անվիճելի պահանջ Ադրբեջանի հետ ցանկացած փոխգործակցության մեջ»,– հավելել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







