Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է Հայաստանի երկաթուղիների կառավարման հետ կապված Ռուսաստանից տարեկան 2 մլրդ դոլար պահանջելու հնարավորության վերաբերյալ իր հայտարարությունը։ Վարչապետի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը քննարկվող տարբերակներից միայն մեկի մասին է, և հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
Փաշինյանը հայտարարել է, որ խնդիրը ռուսական կոնցեսիան չէ, այլ այն ռիսկը, որ Հայաստանը կարող է բաց թողնել միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը։
Վարչապետի խոսքով՝ հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պոտենցիալ խոշոր օգտատերերը ներդրումային հետաքրքրություն չեն ցուցաբերում և փնտրում են Հայաստանը շրջանցող այլընտրանքային երթուղիներ՝ որպես պատճառ նշելով երկաթուղու կոնցեսիոն կառավարումը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։
«Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի խնդիր չունենք։ Այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են և, ըստ էության, օգտագործման ծավալի առյուծի բաժինն իրենք են ապահովում, մենք տեսնում ենք, որ չեն օգտվում և Հայաստանը շրջանցելու համար այլ երթուղիներ են փնտրում։ Մենք ասում ենք՝ ինչո՞ւ եք շրջանցում Հայաստանը, և հասկանում ենք, որ հիմնական պատճառը դա է»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ իշխանությունները ռուսական կողմի հետ կոնցեսիոն պայմանագրի միակողմանի լուծումը չեն դիտարկում որպես ընդունելի տարբերակ՝ նշելով, որ ցանկանում են գտնել «բարեկամական լուծում»։
Քննարկվող տարբերակների թվում նա նշել է ռուսական կողմի՝ կոնցեսիոն իրավունքները երրորդ կողմին շուկայական գնով վաճառելու հնարավորությունը, կառավարման մոդելի փոփոխությունը, որի դեպքում ռուսական կողմը կարող է պահպանել փոքրամասնության մասնաբաժինը, ինչպես նաև ենթակառուցվածքների կառավարման և շահագործման գործառույթների տարանջատումը։
«Մենք այդպես ստատիկ կանգնած չենք, հայտարարություն չենք արել և վերջ։ Այսինքն՝ աշխատանք է տեղի ունենում, որ հասկանանք՝ որտեղ է այն կետը, որտեղ մենք կարող ենք բարեկամական լուծում գտնել»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները դեռևս քննարկում են հայեցակարգային տարբերակները, իսկ հնարավոր նոր մոդելի մանրամասները դեռ որոշված չեն։
Փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրին փոխանցելու հարցը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:
Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ՀԿԵ-ն համարում է իր սեփականությունը և պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







