«Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ երբեք չի ցանկացել ունենալ այլ երկրի քաղաքացիություն, քանի որ միշտ հավատացել և շարունակում է հավատալ Հայաստանի հաջողությանը։
Մհեր Բաղդասարյանի հետ հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին պնդումները՝ Կարապետյանը շեշտել է, որ ինքը չունի և երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։
«Այլ քաղաքացիություն ունենալու հնարավորություն ունեի, հիմնականում Եվրոպական միության, բայց քանի որ հիմնականում աշխատում էի, ապրում էի Հայաստանում ու իմ ապագան տեսնում եմ Հայաստանում, միշտ տեսնում էի Հայաստանոմ, իմ կարծիքով փոքրիկ բան կլիներ, շեղում կլիներ, եթե ես ուրիշ քաղաքացիություն ունենայի», — ասել է նա։
Ըստ Կարապետյանի՝ նա երբեք չի ցանկացել այլ երկրի քաղաքացիություն՝ հավատալով, որ դա իրեն կապահովի «Պլան Բ»։ «Ես չեմ ուզեցել ունենամ «Պլան Բ» Հայաստանից, կարող է հնչի այնպես, որ քաղաքական գործիչ է՝ այդպես է ասում, հուզիչ բան, բայց իրապես չեմ ուզեցել ունենամ «Պլան Բ» Հայաստանից, որովհետև հավատացել եմ ու հավատում եմ Հայաստանի հաջողությանը», — ընդգծել է քաղաքական գործիչը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին անհայտ ծագման փաստաթղթի լուսնկար էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել էր լուրը, որ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







