Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է ոչ առողջ անձնավորություն, որին, ըստ նրա, դրսից պարտադրված ուղարկել էին Վրաստան, և որը 9-ը տարի ղեկավարել է երկիրը, հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում։
«Ամեն օր այս մարդն ավելի ու ավելի է ապացուցում, որ ժամանակին 9-ը տարի շարունակ այս երկրի ղեկը գտնվել է ոչ առողջ մարդու ձեռքում։ Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ նման ոչ առողջ անձնավորությանը դրսից դարձրին Վրաստանի նախագահ, իշխանության ղեկավար, ինչի մասին հանրությունը մեկ անգամ ևս պետք է հետևություններ անի»,- հայտարարել է նա։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրությունը լավ գիտակցում է, որ գործակալական համակարգը ոչ մի դեպքում չպետք է ղեկավարի երկիրը։
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել էր 2013 թվականին, ինչից հետո երկրում նրա նկատմամբ հարուցվել էր 4 քրեական գործ․ դրանցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա կարգով դատապարտվել էր 3 և 6 տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի վերադարձել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր։
2025 թվականի մարտին դատարանը Սաակաշվիլիին մեղավոր էր ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլարի պետական միջոցների մսխման գործով՝ դատապարտելով 9-ը տարվա ազատազրկման, ինչպես նաև 4,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու համար։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու և վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակը ջարդուփշուր անելու գործերը դեռ քննության փուլում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






