«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի եղբոր՝ Լևոն Ռուբինյանի և ներդրող Կոնստանտին Սոկոլովի հետ կապվող բիզնես նախագծերի միջև հնարավոր առնչությունները պարզաբանման կարիք ունեն։
ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում Մանուկյանը հարց է բարձրացրել՝ արդյոք ստեղծված իրավիճակում առկա՞ է շահերի բախման խնդիր։ Պատգամավորի խոսքով՝ Լևոն Ռուբինյանն զբաղեցնում է Amio Bank-ի վարչության նախագահի առաջին տեղակալի, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենի և վարչության անդամի պաշտոնները։
Մանուկյանը նշել է, որ 2022 թվականին նախկին «Հայբիզնեսբանկը» ձեռք է բերվել շվեյցարական ընկերության կողմից, ինչի արդյունքում պետությունը դարձել է բանկի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերը։ Նրա խոսքով՝ այդ գործարքը մամուլում կապվել է Սոկոլովի անվան հետ։
Նա նաև հայտարարել է, որ Viva Armenia-ի ձեռքբերումից հետո, որը, ըստ նրա, իրականացվել է Fedilco Group Limited-ի կողմից, Լևոն Ռուբինյանը նշանակվել է ընկերության կառավարման մարմնի անդամ։
«Գործարքից հետո նույն Լևոն Ռուբինյանը նշանակվում է Viva Armenia-ի կառավարման մարմնի անդամ։ Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է միաժամանակ նման բարձր պաշտոն զբաղեցնել առևտրային բանկում և Viva-ում»,- ասել է Մանուկյանը։
Պատգամավորն անդրադարձել է նաև Amio Bank-ին պատկանող Հրազդանի ցեմենտի գործարանի վիճակին՝ հայտարարելով, որ այն հայտնվել է սնանկացման գործընթացում՝ չնայած պետության մասնակցությանը բանկի կապիտալում։
Մանուկյանը խոսել է նաև Viva Armenia-ի կողմից «Ռոստելեկոմի» ակտիվների ձեռքբերման մասին՝ նշելով, որ նույն խմբի վերահսկողության տակ երկու խոշոր կապի օպերատորի հայտնվելը կարող է անվտանգության հարցեր առաջացնել։
«Երկու լուրջ օպերատոր ձեռք էն բերվում նույն կառույցի կողմից, իսկ նույն Viva-ի կառավարման մարմնում Լևոն Ռուբինյանն է։ Սա նորմա՞լ է»,- հարցրել է նա։
Պատգամավորն անդրադարձել է նաև Սոկոլովի՝ TRIPP+ հիմնադրամի նախագահի պաշտոնում նշանակմանը՝ նշելով, որ նրա գործունեությունը ներառում է տարբեր ռազմավարական ոլորտներ։
«Մենք նշեցինք չորս կարևորագույն ոլորտ՝ ֆինանսներ, ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն և կապ։ Ցանկացած պետության համար դրանք ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ են»,- ասել է Մանուկյանը։
Նա իր հարցադրումները կապել է նաև Ռուբեն Ռուբինյանի՝ 2021 թվականի վերջից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելու հանգամանքի հետ։
«TRIPP նախագծի ղեկավար Սոկոլովը և Թուրքիայի հետ գլխավոր բանակցողի եղբայրը ներգրավված են այս գործընթացներում։ Այստեղ տարօրինակ բաներ կա՞ն, թե՞ ոչ։ Ես շարունակելու եմ ուսումնասիրությունը, պարոն Ռուբինյան»,- ասել է պատգամավորը։
Մանուկյանը նշել է, որ իր հայտարարությունները քաղաքական գնահատականներ են և ոչ թե անձնական բնույթի։ Նա հավելել է, որ թվարկած հանգամանքները պատահական համընկնումներ չի համարում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում ծնված, Չիկագոյում բնակվող ներդրող Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ստեղծված TRIPP+ հիմնադրամի ղեկավար։ Հիմնադրամը նախատեսում է ֆինանսավորել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքային ծրագրեր։
Սոկոլովի նշանակումը հաստատել էր ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ հիմնադրամի գործունեությունը կիրականացվի ԱՄՆ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ներառյալ հաշվետվողականության, անկախ աուդիտի և շահերի բախման կանխարգելման մեխանիզմները։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







