«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի նոր ալիքի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը և ամփոփել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ուժի մեջ թողնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Վարդևանյանը նշել է, որ երկրում վերջին օրերին քաղաքական հետապնդումների նոր ալիք է ձևավորվել և քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ գտնվողների թիվը հասել է աննախադեպ ցուցանիշի։
«Այս ժամանակահատվածում քաղաքական բանտարկյալների թիվը նաև ոչ միայն քաղաքական հետապնդումների, պատմական ռեկորդի է մոտենում»,- ասել է Վարդևանյանը։
Նա այս գործընթացն անվանել է հասարակությանը պառակտելու, բաժանելու փորձ և իրավունքի նսեմացում, որը պետք է դադարեցնել։
«Դա մեծագույն ցավ և ողբերգություն է, որը տեսնում ենք մեր հասարակության մեջ։ Սա հերթական անգամ հասարակությանը պառակտելու, բաժանելու վարքագիծ է, որը չպետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում։ Ինչո՞ւ է տեղի ունենում, որովհետև իրավունքի գերակայությունից գնում ենք իրավունքի նսեմացման, բայց այս խնդիրները, այո՛, պետք է հաղթահարվեն, դրա համար պետք է վճռականություն»,- ասել է նա։
Վարդևանյանի խոսքով՝ Ծառուկյանի ձերբակալության ժամանակ ուժի կիրառումը չի համապատասխանել օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին։
«Ականատես եղանք տեսարանի Ծառուկյանի նկատմամբ, անձ, ով 2004-2005 թվականից քաղաքական ակտիվ գործընթացների մեջ է։ Լավ, ընդհանրապես ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող լինել ինքնանպատակ։ Այն պետք է լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ, դրանցից ոչ մեկն առկա չէր»,- նշել է նա։
Վարդևանյանը հավելել է, որ արդարադատությունը պետք է վեր լինի քաղաքական հրահանգներից։
«Կարող է լինել քաղաքական իշխանության ցանկություն, կարող է լինել քաղաքական պատվեր, որոնք ձևական առումով, օրենքի շրջանակներում, փաթեթավորվեն, բայց իրավունքը պետք է ճեղքի այդ ամենը և գերակայող լինի»,- ասել է նա։
Ամփոփելով Սահմանադրական դատարանում գործի քննության արդյունքները՝ Վարդևանյանը հայտարարել է, որ չնայած ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնելու ՍԴ որոշմանը, դատարանը հաստատել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած մի շարք խախտումներ։
Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը հաստատել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանության ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածման փաստերը, ինչպես նաև ընդունել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լիազորություններ չուներ հրապարակելու քաղաքական ուժերի հեղինակությանը հարվածող ձայնագրություններ։
«Դրանցից մեկը նշեմ՝ վարչական ռեսուրսի չարաշահում տեղի ունեցել է, և սա ոչ թե պարզապես մեր գնահատականն է, սա այլևս Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված է։ Ատելության խոսք իշխանության կողմից տարածվել է, և դա, այո՛, հակասահմանադրական վարքագիծ է»,- մանրամասնել է նա։
Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լիազորություն չուներ հրապարակելու քաղաքական ուժերի հեղինակությունն արատավորող ձայնագրություններ:
«Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում էր ձայնագրություններ և արատավորում, օրինակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հեղինակությունը՝ մշտապես հիշատակելով դրա անունը, թեև մեր քաղաքական ուժը որևէ առնչություն չի ունեցել այդ գործի հետ։ Սա կրկին վերահաստատում եմ։ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նման լիազորություն չի ունեցել։ Այսինքն՝ այն չէր կարող այդ աստիճան միջամտել կուսակցության հեղինակությանը և նսեմացնել անմեղության կանխավարկածը»,- հայտարարել է Վարդևանյանը։
Փաստաբանը նաև մատնանշել է՝ դատարանը հաստատել է, որ նախընտրական շրջանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումը որպես սոցիալական կաշառք դիտարկելը ողջամիտ է և արձանագրել է դիմումում նշված հիմնական խնդիրները։
«Մի շարք այլ հանգամանքներ ևս, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումը նախընտրական շրջանում կամ դրան անմիջապես նախորդող ժամանակահատվածում, ողջամտորեն կարող են դիտարկվել որպես սոցիալական կաշառք և պետք է հետագայում կանխարգելվեն։ Մեր դիմումում բարձրացված հիմնական խնդիրները Սահմանադրական դատարանը հաստատել է, սակայն, ցավոք, ամենակարևոր հարցերից մեկը՝ մանդատների բաշխման կարգի փոփոխությունը, այդպես էլ չիրականացվեց»,- ասել է նա։
Խոսելով պատգամավորական մանդատները վերցնելու որոշման մասին՝ Վարդևանյանը շեշտել է, որ դա ընտրողների հանդեպ պատասխանատվության ստանձնում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







