«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
«Մայր Հայաստան»-ը Մանուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակել և նշել, որ Մանուկյանը չի խուսափել քննչական գործողություններից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա։ Կուսակցությունը նաև պնդել է, որ դատական գործերը, խուզարկություններն ու ձերբակալությունները դարձել են իշխանության կողմից ընդդիմախոսներին ճնշելու միջոց։
«Մայր Հայաստան»-ը կոչ է արել հանրությանը և քաղաքական ուժերին զգոն լինել ու համատեղ դիմակայել երկրում հաստատվող «բռնապետական ռեժիմին»՝ ընդգծելով, որ միայն միասնական գործողություններով հնարավոր կլինի կանխել զարգացումների նման ընթացքը։
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում: Ըստ գերատեսչության՝ նրա նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







