Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հակասահմանդարական է անվանել Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հեղինակած ընտրական ցենզի սահմանափակման մասին օրենսդրական փոփոխությունները։
ՀԱԿ-ից նշել են, որ տվյալ սահմանափակումը հակասում է Սահմանադրության մի քանի հոդվածի։ Մասնավորապես, ըստ հայտարարության, այն հակասում է Սահմանադրության 48-րդ հոդվածին, որով երաշխավորվում է քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու հիմնարար քաղաքական իրավունքը։
«Այդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածով սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը»,- հայտարարել է ՀԱԿ-ը։
Կուսակցության պնդմամբ՝ նախագիծը խախտում է նաև Սահմանադրության 2-րդ և 77-րդ հոդվածների հիմնարար դրույթները, քանի որ մայր օրենքը ժողովրդի ազատ կամաարտահայտումն ու ընտրական իրավունքը չի պայմանավորում երկրում բնակվելու ժամկետով։
ՀԱԿ-ը համարում է, որ փոփոխության իրական նպատակը հանրաքվեների համար անհրաժեշտ քվեների շեմի նվազեցումն է։ Ըստ կուսակցության՝ այս օրենքով իշխանությունները մտադիր են դյուրացնել Սահմանադրությունը փոփոխելու Ադրբեջանի պահանջի կատարումը, ինչպես նաև կասկածի տակ է դրվելու ապագա իշխանությունների լեգիտիմությունը՝ առաջացնելով սահմանադրական ճգնաժամ։
Ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը կոչ է արել ԱԺ ընդդիմությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) անհապաղ դիմել Սահմանադրական դատարան, ինչպես նաև առաջարկում է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության ճակատ՝ «պետական ինստիտուտների քայքայումը կանխելու համար»։
«Հակառակ պարագայում՝ գործող ռեժիմը կշարունակի իր աղետաբեր քաղաքականությունը՝ խորացնելով ՀՀ ներքին ճգնաժամը և թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը»,- եզրափակվում է հայտարարությունը։
ԱԺ-ն հուլիսի 3-ին ընդունել էր «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Նույն օրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ՍԴ-ում կվիճարկի ընտրելու իրավունքի սահմանափակումը։
ՄԻՊ-ն, իր հերթին, կարևորել էր ընտրելը և հանրաքվեին մասնակցելու իրավունքները սահմանափակող նախագծերի հանրային քննարկումը։ Ըստ ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






