Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո վերջինիս աջակիցների ու ընտրողների թիվը ավելացել է, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ԲՀԿ նախընտրական շտաբի իր աղբյուրներին:
Փաշինյանի մեղադրանքներից հետո Ծառուկյանի պատասխանել էր, որ եթե չներկայացնի իրեն «շպիոն» անվանելու ապացուրցները թող մտնի «որձ առյուծի» վանդակը և կարողանա այնտեղից դուրս գալ: Փաշինյանը պատասխանել էր, որ Ծառուկյանով «էլ կզբաղվեն» և նրան սպառնացել կալանքով։ Վեճից հետո Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել` պահանջելով հերքել և ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած խոսքերի համար։
ԲՀԿ նախընտրական շտաբի աղբյուրները թերթին հայտնել են, որ մինչև քաղաքական լեզվակռիվը համայնքներում իրականացված ձայների նախնական հաշվառման տվյալները հիշյալ հայտարարությունից հետո ավելացել են շուրջ 50 տոկոսով՝ պայմանավորված մայիսի 24-ին Ծառուկյանի արած հայտարարությամբ։
Աղբյուրը նշում է, որ այս հանգամանքը փարատել է այն քաղաքացիների կասկածները, թե Ծառուկյանը հետընտրական փուլում կարող է աջակցել Փաշինյանին՝ իշխանություն կազմելու հարցում։





































