Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության կարգը։
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան քվեարկել բացառապես Հայաստանի տարածքում։
Խոսնակի փոխանցմամբ՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրատեղամասեր չեն բացվելու։ Այս օրենդրական կարգավորումը գործում է արդեն 14 տարի։
«ՀՀ քաղաքացին կարող է քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես ներկա է Հայաստանում՝ համաձայն երկրի գործող օրենսդրության»,- նշել է նա։
Խոսնակի պարզաբանմամբ՝ բացառություն են միայն այն քաղաքացիները, որոնք ծառայում են արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելություններում, երկարաժամկետ գործուղման մեջ են, արտասահմանում սովորող զինծառայողներ են կամ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամներ։ Նրանք հնարավորություն կունենան քվեարկել ընտրություններից մեկ շաբաթ առաջ:
«Նշված անձինք կկարողանան էլեկտրոնային եղանակով քվեարկել մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչև մայիսի 31-ի ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով)։ Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն»,- ասել է նա:
Նշենք, որ արտերկրում քվեարկողների շրջանակը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններով, որոնցով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն չի տրվում մասնակցել երկրի ընտրական գործընթացներին:
Armenia Today-ի թղթակցի հարցին՝ արդյոք քարոզարշավի անցած երեք օրերի ընթացքում քաղաքական ուժերի կողմից օրենսդրության հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումներ ստացվե՞լ են, ԿԸՀ ներկայացուցիչը հայտնել է, որ տեղեկատվությունն այս պահին ճշտվում է։
Ղուկասյանը խոստացել է քարոզարշավի մեկնարկից ի վեր ստացված դիմում-բողոքների և դրանց հետագա ընթացքի մասին հայտնել ավելի ուշ՝ ճշտումներ կատարելուց հետո։
Թարմացված է 12։00
Քարոզարշավի առաջին 4 օրերի ընթացքում ԿԸՀ-ն դիմում-բողոքներ, որպես այդպիսին, չի ստացել, սակայն տարբեր ուժերի քարոզչական պաստառների սխալ տեղում տեղադրվելու կամ չափերի խախտման վերաբերյալ դիմումներ ստացվել են, հայտնել է Ղուկասյանը։
Նա խուսափել է նշել կոնկրետ կուսակցությունների ու դաշինքների անուններ և չի հստակեցրել դիմումների քանակը։
«Այս դիմումներին օրենքով սահմանված կարգով ընթացք ենք տալիս։ Այլ բովանդակությամբ բողոքներ չենք ստացել»,- պարզաբանել է նա։
Արաքսյա Սնխչյան

























