Իշխող ուժը պետական կառույցներին հանձնարարել է բոլոր վայրերից հեռացնել Արարատ լեռան պատկերը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը մարտին հայտնել էր, որ Մասիս սարի պատկերը կհեռացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից։
Երևանի պետական համալսարանը նույնպես նոր տարբերանշանի մրցույթ է հայտարարել։ Թերթը հիշեցրել է, որ ԵՊՀ ներկայիս լոգոյում նույնպես պատկերված է Արարատ լեռը։
Բուհի ներկայիս ռեկտորն իշխանական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է, իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
2025-ի սեպտեմբերին կառավարությունը որոշում էր կայացրել լեռան պատկերը հեռացնել Հայաստանի մուտքի և ելքի կնիքներից։
Ապրիլին իշխանությունները ներկայացրել էին կենսաչափական անձնագրերի նոր ձևաչափը, որտեղ պատկերված Խոր Վիրապը լուսանկարվել էր այնպիսի դիրքից, որպեսզի Արարատ լեռը հետնանկարում չարտացոլվի։





































