Հայաստանը և Ֆրանսիան ֆինանսական, մշակութային ու պաշտպանական համագործակցության շուրջ 9 պայմանագիր և հուշագիր են ստորագրել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել։ Փաշինյանը Մակրոնի հետ հայտարարության ժամանակ նշել է, որ պայմանավորվածությունների արդյունքում Ֆրանսիայի աջակցությամբ մեկնարկելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Բարգուշատի թունելի կառուցումը։
ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական SOFEMA Group-ի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիր է կնքվել։ ՀՀ ՊՆ-ն և Airbus Helicopters ընկերությունը նաև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիր են կնքել։
«Ազգային հիփոթեքային ընկերություն» հայկական ընկերության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև մատչելի բնակարանային ապահովման զարգացման հուշագիր է ստորագրվել։ «Ամերիաբանկը» և «Էվոկաբանկը» վարկային ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել Տնտեսական համագործակցության խթանման մասնակցության ընկերության՝ Proparco-ի հետ։
FlyOne Armenia-ի և Airbus-ի միջև ստորագրվել է երկու A321neo տիպի օդանավի առուվաճառքի պայմանագիր։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի ներկայացուցիչները համաձայնագրեր են ստորագրել արհեստական բանականության, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, ինչպես նաև պաշտպանական համագործակցության զարգացման ուղղությամբ։
Հայաստանն ու Ֆրանսիան նաև Հանրային քաղաքականության վարկավորման ծրագրի հուշագիր են ստորագրել, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ժառանգության միջազգային կազմակերպության հետ։ Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ Մատենդարանիի ու Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Հուշագրերն ստորագրվել են ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում, որը կայացել է մայիսի 5-ին։ Մայիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում 50 երկրի պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Գագաթնաժողովներին զուգահեռ՝ Երևանում անցկացվել էին ակցիաներ՝ Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։




































